ՆԱՏՕ-ն քննարկում է իր միջուկային զենքը մարտական պատրաստության վիճակի բերելու հարցը: Ինչպես հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ՆԱՏՕ-ի երկրները խորհրդակցություններ են սկսել միջուկային զենքը մարտական պատրաստության վիճակի բերելու հարցի վերաբերյալ:
Ստոլտենբերգը բրիտանական «The Daily Telegraph» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ դաշինքը պետք է ամբողջ աշխարհին ցուցադրի իր միջուկային զինանոցը, որպեսզի «ուղիղ ազդանշան ուղարկի իր հակառակորդներին»:
«Ես չեմ մտնի օպերատիվ մանրամասների մեջ, թե քանի միջուկային մարտագլխիկ պետք է լինի աշխատանքային վիճակում և ինչպես պահել դրանք, բայց անհրաժեշտ է խորհրդակցել այդ հարցերի շուրջ,- ասել է ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղարը։ – Դա հենց այն է, ինչ մենք անում ենք»:
Շարունակելով ԱՄՆ- ի և ՆԱՏՕ- ի անդամ որոշ պետությունների, ինչպես նաև հենց ՆԱՏՕ- ի հրեշավոր զրպարտությունը Ռուսաստանի կողմից իբր բխող սպառնալիքի վերաբերյալ, և իրենց կողմից միջուկային սպառազինության օգտագործմամբ Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու մտադրությունը վերագրելով ՌԴ- ին, Ստոլտենբերգը հայտարարել է, որ ԱՄՆ- ը և Եվրոպայի նրա դաշնակիցներն արդիականացնում են իրենց միջուկային զսպման ուժերը «Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում»:
Ավելի վաղ, ս. թ. մայիսի վերջին Ստոլտենբերգը «Economist»- ին տված հարցազրույցում ՈՒկրաինային զենք մատակարարող դաշինքի անդամներին կոչ էր արել վերացնել այդ զենքով Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի ռազմական օբյեկտներին հարվածելու սահմանափակումները։
ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղարի տեղեկացմամբ, ամերիկյան զորքերն արդիականացնում են գրավիտացիոն ռումբերը , Եվրոպայի երկրները՝ ՆԱՏՕ-ի միջուկային առաքելության համար նախատեսված ինքնաթիռները։ Սպիտակ տունն ավելի վաղ, ս. թ. հունիսին չէր բացառել, որ ԱՄՆ- ն ապագայում որոշում կկայացնի իր միջուկային զինանոցը մեծացնելու մասին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին, չի բացառել, որ Ռուսաստանի միջուկային դոկտրինում փոփոխություններ կկատարվեն: ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ- ի և ՆԱՏՕ- ում նրա դաշնակիցների գործողությունները Ռուսաստանի առջև դնում են այն հարցը, թե ինչպես միջուկային զսպման ոլորտում բազային փաստաթղթերն «ավելի համապատասխանեցնել ընթացիկ պահանջներին»:
Ինչպես նշված է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տարեկան զեկույցում, միջուկային զենք ունեցող ինը պետություններ (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել և Հյուսիսային Կորեա) 2023 թ. շարունակել են արդիականացնել իրենց միջուկային զինանոցները, ընդ որում ՝ օպերատիվ տեղակայված միջուկային զենքի քանակն աճել է: Փորձագետների գնահատմամբ ՝ սառը պատերազմից ի վեր, միջուկային զենքը երբեք այդքան նկատելի դեր չի խաղացել, որքան հիմա:
«Коммерсантъ»- իփոխանցմամբ , SIPRI-ն երեկ հրապարակել է 2023 թ. արդյունքների վերաբերյալ վերլուծական զեկույց, որից հետևում է, որ 2024 թ. սկզբին ինը պետություններ ունեին, ընդհանուր առմամբ, 12 121 միջուկային մարտագլխիկ։ Դրանցից մոտ 9585-ը պիտանի են եղել պոտենցիալ օգտագործման համար։ Նշված քանակից 3904 մարտագլխիկները տեղակայվել են հրթիռների և ինքնաթիռների վրա, ինչը 60 միավորով ավելին է, քան 2023 թ. հունվարին էր, մնացած մարտագլխիկները գտնվում էին պահեստային վայրերում:
Բալիստիկ հրթիռների վրա տեղակայված մարտագլխիկներից մոտ 2100- ը եղել են մարտական բարձր պատրաստության վիճակում։ Գրեթե բոլորը պատկանել են ԱՄՆ-ին և Ռուսաստանին, սակայն, ինչպես նշված է զեկույցում, անցյալ տարի մարտական բարձր պատրաստության վիճակում գտնվող մի քանի միջուկային մարտագլխիկներ առաջին անգամ հայտնվել են նաև Չինաստանում:
«Այն ժամանակ, երբ աշխարհում միջուկային մարտագլխիկների ընդհանուր թիվը շարունակում է նվազել սառը պատերազմի ժամանակների սպառազինությունների աստիճանական վերացմամբ, ցավոք, մենք շարունակում ենք դիտարկելել տեղակայված վիճակում միջուկային մարտագլխիկների թվի ամենամյա աճ»,- ասել է SIPRI- ի տնօրեն Դեն Սմիթը:- Այս միտումը, կարծես, կշարունակվի և, հնարավոր է, արագանա առաջիկա տարիներին, և դա ծայրահեղ մտահոգություն է առաջացնում»:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը միասին, SIPRI- ի գնահատմամբ, շարունակում են ունենալ աշխարհի բոլոր միջուկային զենքի գրեթե 90 տոկոսը: Օգտագործման համար պիտանի զինանոցների չափերը մնում են համեմատաբար կայուն, թեև Ռուսաստանը, ինչպես նշված է զեկույցում, 2023 թ. իր օպերատիվ ուժերի կազմում 36 մարտագլխիկով ավելի է տեղակայել, քան մեկ տարի առաջ։ Միևնույն ժամանակ, երկու պետություններն իրականացնում են իրենց միջուկային մարտագլխիկների և միջուկային զենքի կրիչների (հրթիռներ, ռմբակոծիչներ և սուզանավեր), ինչպես և միջուկային զենքի արտադրության ձեռնարկությունների արդիականացման և փոխարինման լայնածավալ ծրագրեր:
Ի հավելումն իրենց պահուստների, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պահում են նախկինում սպառազինությունից հանված ավելի քան 1200 մարտագլխիկներ, որոնք նրանք աստիճանաբար ապամոնտաժում են:
Չինաստանը, ինչպես նշված է զեկույցում,, այժմ գտնվում է իր միջուկային զինանոցի զգալի արդիականացման և ընդլայնման գործընթացում։ Ակնկալվում է, որ առաջիկա տասնամյակում նրա միջուկային պաշարները կշարունակեն աճել և, որոշ կանխատեսումների համաձայն, այս ժամանակահատվածում Չինաստանը կարող է տեղակայել առնվազն նույնքան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որքան Ռուսաստանը կամ ԱՄՆ- ը:
Միևնույն ժամանակ, SIPRI-ի փորձագետները ենթադրում են, որ Չինաստանն առաջին անգամ փոքր քանակությամբ (մոտ 24) միջուկային մարտագլխիկներ է տեղակայել իր հրթիռների վրա՝ դրանք դնելով մարտական հերթապահության:
«Չինաստանը կառուցում է իր միջուկային զինանոցն ավելի արագ, քան ցանկացած այլ երկիր»,- ասել է SIPRI- ի զանգվածային ոչնչացման զենքի գծով ծրագրի ավագ գիտաշխատող և ամերիկյան գիտնականների ֆեդերացիայում (FAS) միջուկային տեղեկատվության ծրագրի տնօրեն Հանս Քրիստենսենը: Ընդհանուր առմամբ, Չինաստանի միջուկային մարտագլխիկների ընդհանուր պաշարը Ռուսաստանի և ԱՄՆ- ի զինանոցների հետ, վերլուծաբանների գնահատմամբ, տեսանելի ապագայում չի համեմատվի:
Միջուկային զենք ունեցող մյուս պետությունների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Պակիստանի, Իսրայելի և Հյուսիսային Կորեայի զինանոցներն ավելի փոքր են, բայց նրանք բոլորը, ինչպես ասվում է զեկույցում, կամ մշակում, կամ տեղակայում են սպառազինության նոր համակարգեր, կամ հայտարարել են դա անելու մտադրության մասին: Մեծ Բրիտանիան մտադիր է ավելացնել իր միջուկային զենքի պաշարները (225- ից 260 միավոր): Նույնպիսի ծրագրեր ունեն նաև Հնդկաստանն ու Պակիստանը։
Հյուսիսային Կորեան, ինչպես նշված է զեկույցում, արդեն մոտ 50 միջուկային մարտագլխիկ ունի, և ձգտում է արտադրել էլ ավելին (SIPRI-ի փորձագետների գնահատականներով՝ Փհենյանը կարող էր արտադրել բավականաչափ տրոհվող նյութ, որպեսզի ունենար մինչև 90 միջուկային մարտագլխիկ):
Իսկ Իսրայելը, ըստ զեկույցի, շարունակում է հավատարիմ մնալ երկիմաստության իր վաղեմի քաղաքականությանը, ինչը դժվարացնում է նրա միջուկային զինանոցի քանակի և բնութագրերի գնահատումը։ Այնուամենայնիվ, SIPRI-ի մասնագետները կարծում են, որ այն կարդիականացնի իր միջուկային զինանոցը և ռեակտորը Դիմոնում պլուտոնիումի արտադրության համար:
Չնայած Պակիստանը մնում է հնդկական միջուկային զսպման գլխավոր օբյեկտը, Հնդկաստանը, ինչպես պարզաբանում են փորձագետները, ավելի և ավելի է շեշտը դնում հեռահար զենքի վրա, այդ թվում՝ Չինաստանի տարածքում թիրախներին հասնելու ունակությամբ:
Ինչպես նշել են զեկույցի հեղինակները, իրավիճակը նկատելիորեն սրվել Է ՈՒկրաինայի և Գազայի հատվածի շուրջ հակամարտությունների ֆոնին, միաժամանակ 2023 թ. զինված հակամարտություններ են ընթացել աշխարհի գրեթե 50 պետություններում։
«Մենք այժմ գտնվում ենք մարդկության պատմության ամենավտանգավոր ժամանակաշրջաններից մեկում,- նախազգուշացրել է SIPRI- ի տնօրեն Դեն Սմիթը:- Անկայունության բազմաթիվ աղբյուրներ կան՝ քաղաքական մրցակցություն, տնտեսական անհավասարություն, բնապահպանական ցնցումներ, սպառազինությունների արագացող մրցավազք։ Անդունդը մոտենում է, և ժամանակն է, որ մեծ տերությունները հետ քայլ կատարեն և մտածեն: Ցանկալի է՝ միասին»։
Իսպանիայի վարչապետն էլ հայտարարել է, որ վախենում է ՈՒկրաինայի հակամարտության պատճառով միջուկային պատերազմից: Շվեյցարիայում կայացած խաղաղության գագաթնաժողովում նշելով, որ ՈՒկրաինայում ռազմական գործողությունները հումանիտար և պարենային ճգնաժամեր են առաջացրել, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, «Europa Press» պարբերականի տեղեկացմամբ, ասել է.
«Եվ խորացրեց վախը միջուկային աղետից, որը մենք կարծում էինք, որ այլևս երբեք չենք տեսնի»:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ